Ազգային անվտանգության ծառայությունը, որը որոշել էր փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցել վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին առնչվող աղմկահարույց դեպքով, որոշման պատճառաբանությունում նշել է, թե Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ և որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արման Մակինյանի ֆեյսբուքյան գրառումից։
Փաստաբանն իր էջում հրապարակել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման՝ իր ստացած պատճենն ու կից գրել․
«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…
…Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…
Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի…»։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել Դատախազություն։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը քրեական գործեր է ուղղորդում Աննա Վարդապետյանի եւ քննիչների հետ հանդիպելիս:





























