Իտալիայի իշխանությունները արգելել են զբոսաշրջային նավերի անցումը Վենետիկյան ծովախորշ։ Հղում անելով «Վենետիկի գեղարվեստական, մշակութային եւ բնապահպանական ժառանգությունը» պաշտպանելու անհրաժեշտությանը, իտալական կառավարությունը որոշում է կայացրել, որը կոչ է անում «շտապ միջոցներ» ձեռնարկել զբոսաշրջային եւ բեռնային փոխադրումները շրջանցելու համար։

Կառավարությունը Վենետիկի նավահանգստային ղեկավարությանը հանձնարարել է անցկացնել հանրային խորհրդակցություններ, գտնել այլընտրանքային նավահանգիստներ ավելի քան 40 000 տոննա փոխադրմամբ խոշոր բեռնարկղային նավերի եւ զբոսաշրջային նավերի կառավարման համար:

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հաստատել է այս որոշումը: Նա ասել է, որ կառավարության որոշման վրա ազդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը վաղուց Իտալիային կոչ էր անում համաձայնեցնել ծովախորշի պահպանումն ու փոխադրումները։

Կառավարության որոշումը ողջունել են բնապահպանական միությունները, որոնք նախազգուշացնում էին վնասների մասին, որ խոշոր նավերը հասցնում են Վենետիկյան ծովախորշին։