Այսպիսի տեմպերով 2021 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երկրորդը աղքատ կլինի: Այս մասին ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի համեմատությամբ 2019 թվականին աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով, իսկ 2020-ին՝ եւս շուրջ 5 տոկոսային կետով:
Նա նշեց, որ Հայաստանում առողջապահության եւ կրթության ոլորտում ծառայությունները կարող են թանկանալ 20 տոկոսով՝ կապված այն հանգամանքի հետ, որ նշված ոլորտները հարկվելու են ոչ ուղղակի հարկերով: «Հայաստանում առողջապահության ոլորտում ծառայությունները առանց այն էլ 7 տոկոսով թանկացել էին, իսկ կրթության ոլորտում՝ 2-3 տոկոսով»,- հավելեց Ավետիսյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ 2020 թվականին Հայաստանում զբաղվածների թիվը նվազել է. 20 հազար նախկինում աշխատողներ կա՛մ լքել են երկիրը, կա՛մ մահացել, կա՛մ 75 տարեկան եւ ավելի բարձր տարիքում են: Եվս 10 հազար մարդ կորցրել է հույսը եւ աշխատանք չի փնտրում: «Անվանական եկամուտներն աճել են ընդամենը 0,8 տոկոսով, իսկ մթերքի գներն աճել են շուրջ 7,5 տոկոսով: Ամենավատն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը հանգեցնում է ծայրահեղ աղքատության մակարդակի աճի: Գնաճի տեմպերը նույնպես սրընթաց աճում են. եթե 2020 թվականի վերջին ինֆլյացիան 4 տոկոսի մակարդակում էր, ապա 2021 թվականի մարտին այն արդեն 5,8 տոկոսի մակարդակում էր: Վերջին ամիսներին ազգային արժույթն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով, իսկ անցյալ տարվա համեմատությամբ`10-11 տոկոսով: Դա հանգեցնում է ներմուծվող ապրանքների գնաճի: Միաժամանակ արտահանումը նվազել է 4 տոկոսով: Առաջիկա գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին աճել են նաեւ բենզինի եւ դիզվառելիքի գները»,- ընդգծեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է դատարան դիմելիս պետական տուրքի բարձրացման մտադրությանը (այն կկազմի 6000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն), ապա, ինչպես նշեց փորձագետը, իշխանությունները նույնիսկ դատական համակարգն են բիզնես նախագիծ դիտարկում:





























