ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը եւ մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով իրեն հանձնարարված աշխատանքների համակարգման եւ ղեկավարման պարտականություն, հանդիսանալով Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 0,4 կՎ մալուխագծի, 10 կՎ եւ 0,4 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ղեկավար, լինելով տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, թույլ է տվել աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերության երկու աշխատակիցներն ստացել մարմնական վնասվածքներ:
Մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ընկերության աշխղեկը, խախտելով «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի եւ անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» պահանջները, ընկերության հոսանքագծերի մոնտաժողներին չի տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ապահովիչ գոտի, աշխատանքների իրականացման համար առանց ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, առանց ավտոմեքենայի սարքինության եւ անվտանգության հարցերի ստուգման տրամադրել է ընկերությանը չպատկանող՝ 1983թ. արտադրության «GAZ AGP-18» մոդելի ավտոաշտարակ, որի ժամանակ ավտոաշտարակի վերամբարձ մեխանիզմի ճոճանը հիմքի մասից կոտրվել է եւ մոտ 8 մետր բարձրությունից, հիշյալ աշխատակիցների հետ միասին, ընկել գետնին, որի արդյունքում նրանցից մեկն ստացել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուսը՝ ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:





























