Մեր ամենակարևոր խնդիրն Արցախի պետականության խնդիրն է՝ սեպտեմբերի 26-ի սահմաններով, որին պետք է ձգտել ամեն գնով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

«Գուցե պրիմիտիվ ուղեղները դրա տակ տեսնեն միայն պատերազմ։ 1998 թվականին էլ էին ասում, որ գալիս է պատերազմի իշխանություն, բայց եղավ ամենախաղաղ և ծաղկուն տարիները։ Դա ոչ թե պատերազմ կլինի, այլ պայքար քո պետականության համար, որովհետև ակնհայտ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորն Արցախն էր՝որպես պետական միավոր։ Քանի դեռ մենք չենք վերականգնել Արցախի պետականությունը, մենք երբեք չենք ունենա Արցախ և Հայաստանի Հանրապետությունները միացրած Հայաստան պետություն։ Եթե մենք Արցախը չդնենք անկյունաքար, մենք Հայաստան չենք ունենա։

Ես ձայն եմ տալու այն քաղաքական ուժին, որն այդ խնդիրը կդնի անկյունաքարում»,- ասաց Ժիրայր Դադասյանը։

Ժիրայր Դադասյանի կարծիքով՝ այն, որ անհետ կորածների ծնողները շղթաներով փակել են Պաշտպանության նախարարության դռները, պետության բացակայության արդյունք է․ «Պետությունը չի կարողանում իր քաղաքացիների հետ աշխատել, զրուցել, հրավիրել, քննարկել, լուծում տալ։ Սուտն ու կեղծիքը դարձել է հանրության հետ աշխատելու առօրյա ձև»։

Ժիրայր Դադասյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն 1990-ական թվականներին եղել է ոչ միայն Հայաստանի և Արցախի խորհրդանիշը, այլ նաև սփյուռքի․ «Սփյուռքն իր դեմքի մեջ տեսնում էր առաջնորդին, որն այդ ծայրահեղ դժվար վիճակում կարողացավ պահել Արցախը և Հայաստանը։ Մարդուն պետք է չափել ոչ թե իր լեզվով, այլ արարքներով»։