Պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու եւ նույնականացնելու ուղղությամբ։ Այս մասին պատերազմի ընթացքում գերեվարված եւ անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն՝ ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Ինչպես ՊՆ լրատվական բաժնից տեղեկացրեցին NEWS.am-ին, ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ Արտակ Դավթյանը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ նախօրեին, անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները հանդիպում էին ունեցել ԳՇ պետի եւ ՊՆ այլ ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։
Չնայած դժգոհություններին, անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները բացել էին ապրիլի 8-ից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։
Նշենք նաեւ, որ ապրիլի 8-ին, գերիների հարազատները տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երեւան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երեւան է ժամանել միայն Մուրադովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված։ Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ մեկնաբանել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին ՊՆ մուտքը, բայց դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից





























