Հայաստանի նախագահը Կազան այցից առաջ պետք է մեր ժողովրդին ինչ-որ բան ասի այդ կապակցությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով Կազանում կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի ընդունման հնարավորության վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, «երբեք, ամբողջ այս գործընթացի պատմության ընթացքում, նման իրավիճակ չի ստեղծվել, երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել»:
Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում, ինչը Ադրբեջանի նախագահը նշել է որպես դրական երեւույթ, Օսկանյանն ասել է. «Միանշանակ, եթե դա Ադրբեջանի նախագահն է ասում, փաստորեն, դրա մեջ պետք է կարդալ, որ նա առավելությունը տալիս է տարածքային ամբողջականությանը, այսինքն` նա նկատի ունի, որ ինքնորոշումը կլինի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ բան Ալիեւից ակնկալել` ես կարծում եմ, միամտություն կլինի»:
«Առավել եւս, որ Ալիեւը այդպիսի բան է ասում, ուրեմն` Հայաստանի նախագահը, ես կարծում եմ, որ ուղղակի պարտավորված է, որ անպայման մեր ժողովրդին մինչեւ Կազան գնալը ինչ-որ բացատրություն տա` կստորագրվի փաստաթուղթ, չի ստորագրվի», - ընդգծել է նախկին արտգործնախարարը` հավելելով. «Իսկ ամենամտահոգիչը կարող է այն լինել, որ եթե նախագահը ինքը դեռեւս չգիտի` կստորագրվի, թե` չէ, որովհետեւ դրա հնարավորությունն էլ կա»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցում առկա համաձայնության մասինհայտարարության եւ դրան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի առնչությամբ, ըստ որի` վերջին երեք տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ խաղաղապահ գործողության մասին հարց չի քննարկվել, Վարդան Օսկանյանը ասել է. «Խաղաղապահ ուժերի հարցը տասներորդական հարց է. եթե խաղաղապահ ուժեր են լինելու` լինելու են միայն երբ արդեն համաձայնություն կա: Այնպես որ, այսօր մենք պետք է խոսենք, թե արդյո՞ք հնարավորություն կա համաձայնության գալու, եթե այո` ի՞նչ պայմաններով, ի՞նչ ենք զիջել մենք կամ Ադրբեջանը, ի՞նչ է փոխվել նախկինից: Որովհետեւ տարիներ շարունակ մենք բանակցել ենք, չէ՞, ընդհանուր եզր չենք գտել Ադրբեջանի հետ»:
«Ես գոնե լավ գիտեմ, թե տարակարծությունները ինչ են, որն էր նշաձողը, որ մենք ունեինք, Ադրբեջանի նշաձողը որն է: Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է, միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք իջեցրել ենք` ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետեւ իմ իմացած նշաձողը այդ օրերին արդեն սահմանագծային նշաձող էր, եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ` առաջին հերթին Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի ղեկավարությունը, վերջ ի վերջո հայ ժողովուրդը ո՞նց կարող է դա ընդունել», - ընդգծեց նախկին արտգործնախարարը:
Վերադառնալով խաղաղարարների հարցին` Օսկանյանը նկատել է. «Այստեղ բազմաթիվ հարցեր կան մինչեւ խաղաղապահ ուժերին հասնելը, բայց քանի որ հարցրեցիք, ես ասեմ. խաղաղապահ ուժերի խնդիրը, այո, միշտ էլ եղել է բանակցությունների օրակարգի վրա, բայց միշտ չէ, որ դրա մասին խոսել ենք, որովհետեւ դա երկրորդական է, առավել կարեւոր հարցեր կան սկզբունքային: Բայց որ փաստաթղթում` Մադրիդյան, եղել է պարբերություն դրա մասին` ես կարող եմ դա հաստատել, եւ վստահ եմ, որ այսօր էլ փաստաթղթում կա»:
Օսկանյանի խոսքով, «Մեր ուղենիշը պետք է լինեն մեր ազգային շահերը` ինչ կարող ենք զիջել, ինչ կարող ենք չզիջել», սակայն հայ-թուրքական գործընթացից հետո որոշակի մտավախություններ կան:
«Ես այստեղ մի քիչ նախապաշարված եմ` այն առումով, որ հայ - թուրքական գործընթացից հետո ես իմ վստահությունը կորցրել եմ իշխանությունների գործելաոճի մեջ, եւ ինձ արդեն ոչինչ չի զարմացնում. առաջին հերթին` եթե բան ստորագրվի, չեմ զարմանա, երկրորդ` եթե պարզվի, որ այնտեղ շատ բան ենք զիջել, չեմ զարմանա, երրորդ` նույնիսկ եթե մենք մեզ համար ամենակարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածի կապակցությամբ ինչ-որ բաներ ենք զիջել` էլի չեմ զարմանա, որովհետեւ կա արդեն հայ - թուրքականի փորձը: Այնպես որ, ես այստեղ իսկապես շատ լուրջ մտահոգություն ունեմ», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը: - «Անակնկալները չեն բացառվում` մենք տեսել ենք հայ - թուրքականի մեջ, եւ հանկարծ եթե նորից մեր ժողովուրդը անակնկալի առաջ դրվեց, եւ պարզվեց, որ այնտեղ մենք իսկապես շատ բան ենք զիջել, հետո այդ բոլորը հետ շրջելը, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի»:




























