ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդելի «Սթարզ» թատրոնում հունիսի 17-ին կայացել է հանդիպում քաղաքական գիտությունների դոկտոր, Լիհայ համալսարանի պրոֆեսոր, Միացյալ Նահանգներում եւ ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, ՀՀ ՆԳ նախարարի նախկին առաջին տեղակալ, ՊՆ փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի եւ «Ժամանակ» օրաթերթի ու «Առաջին լրատվական» կայքէջի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի   հետ, որոնք Լոս Անջելեսում են գտնվում ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի հրավերով:

ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Արման Բաբաջանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը, իսկ Արման Գրիգորյանը ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկան եւ ՀԱԿ  հետագա անելիքներն այդ գործընթացներում: Այնուհետեւ հյուրերը պատասխանել են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին, ընդդիմության հետագա անելիքներին, Հայաստանում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացներում հայկական սփյուռքի անելիքներին ու խնդիրներին  առնչվող ներկաներին հուզող ու մտահոգող տարաբնույթ հարցերին:  

Այցելության շրջանակներում հունիսի 11-ին Գլենդելի «Սթարզ» կինոթատրոնում ցուցադրվել է Տիգրան Պասկեւիչյանի եւ ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» հետաքննական ֆիլմը: ՀԱԿ ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ելույթներ ունեցել տեղի հայկական հեռուստաալիքներով: