«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է հղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` Ֆրանսիական համալսարանի դասախոսների բաց նամակի հետքերով:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ ըստ մամուլի հրապարակումների Ֆրանսիական համալսարանում չի գործում Գիտական խորհուրդ: «Միեւնույն ժամանակ համալսարանի կայքում հանդիպեցի մի շարք փաստաթղթերի, որտեղ հիշյալ մարմնի առկայությունը նշված էր, իսկ կազմակերպության կառուցվածքի սխեմայում գիտխորհուրդը նշված էր որպես ոչ մշտական կառույց:
Արդյո՞ք Ֆրանսիական համալսարանում փաստացի գործում են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մարմինները եւ որքանով է նրանց գործունեությունը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` «բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում»: Իսկ նույնի 7-րդ մասի համաձայն` «բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր»: Նշվածից բխում է, որ ամեն 5 տարին մեկ պետք է անցկացվի Համալսարանի ռեկտորի նոր ընտրություն, իսկ նոր ռեկտորը իրականացնի պռորեկտորների նշանակում, նրանց հետ կնքի աշխատանքային պայմանագիր: Այսինքն ամեն 5 տարին մեկ պետք է կնքել նոր պայմանագիր պռորեկտորի հետ` աշխատանքի ներգրավելով նոր պռորեկտոր կամ երկարացնելով աշխատանքային հարաբերությունները հին պրոռեկտորի հետ:
Նույն աղբյուրից տեղեկացել եմ, որ Համալսարանի պրոռեկտոր պարոն Արայիկ Նավոյանը իրականացնում է պրոռեկտորի անժամկետ գործառույթներ, ինչպես նաեւ նշանակվել է հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչը արդեն իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է»,- ասված է նամակում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիական համալսարանում մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Այս միջադեպից հետո ուսանողները ստորագրահավաք էին կազմակերպել Նավոյանի հրաժարականի պահանջով:




























