ՀՀ ոստիկանությունը ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված ռազբորկայի մասնակիցների ինքնությունը պարզել է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը ծագել է մի կողմից՝ Երեւանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երեւանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա  Արթուր Հայրապետյանի, եւ Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջեւ:

Ըստ  նախնական տեղեկությունների՝  վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել  վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել:

Շենգավիթի ոստիկանությունն  ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց եւ մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվում է նաեւ, թե ինչ տեսակի հրազեններ են օգտագործվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր»  կոչվող գերեզմանոցի տարածքից Երեւանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը)  հատկանիշներով։