Թուրքիան փորձում է սրել իրավիճակը Ռուսաստանի դեմ Դոնբասում եւ մարտահրավեր նետել Մոսկվային: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց միջազգային փորձագետ Սուրեն Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ կողմերը՝ եւ Ուկրաինան, եւ Ռուսաստանը, այստեղ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կենտրոնացնում, եւ դրա հետեւում կանգնած է նաեւ Անկարան:

«Չի կարելի մոռանալ, որ Թուրքիան ակտիվացրել է իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում՝ այն տեսանկյունից, որ ինտենսիվ հաղորդակցություն է հաստատվել երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով, ինչպես նաեւ պաշտպանական գերատեսչությունների պաշտոնյաների միջեւ»,- ասաց Սարգսյանը:

Դժվար է ասել, թե որքան մեծ է լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը, հավելեց փորձագետը, բայց կարելի է կանխատեսել, որ գոնե աննշան բախումներ հնարավոր են:

«Բայրաքթար» ԱԹՍ-ների ակտիվությունը, նրա գնահատականով, վկայում է այն մասին, որ Թուրքիան լիովին ներգրավված է գործընթացների մեջ եւ փորձում է մարտահրավեր նետել Ռուսաստանին ոչ միայն Հարավային Կովկասում, ինչպես դա եղավ արցախյան պատերազմի ժամանակ, այլ նաեւ այլ ուղղություններով:

Քաղաքագետը նաեւ չբացառեց ջիհադիստների ներգրավումը Ուկրաինայի հակամարտությանը, քանի որ դա Թուրքիայի ոճով է, որն իր հարցերը լուծում է ահաբեկիչների ձեռքերով:

«Մոսկվայի եւ Անկարայի շահերի բախումը կարելի է դիտարկել Լիբիայից Սիրիա, եւ Ուկրաինան կարող է դառնալ նման եւս մեկ կետ: Նրանց դիմադրությունը կարող է սաստկանալ, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց չեմ կարծում, որ կարելի է ռուս-թուրքական ուղղակի բախումների սպասել»,- հավելեց Սարգսյանը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր հերթին նշեց, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր աջակցությունը Ուկրաինային, եւ Ղրիմի խնդրի վերաբերյալ այս երկրի նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունները դրա վառ հաստատումն են: Դրանցում նրանք Ռուսաստանին մեղադրում են Ղրիմի անեքսիայի մեջ:

«Այս շեշտադրումները վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Անկարան դա անում է միջազգային տարատեսակ հարթակներից եւ ցանկացած առիթով: Թուրքիան միանշանակ աջակցում է Ուկրաինային եւ բացահայտորեն դեմ է Ռուսաստանի գործողություններին՝ ինչպես Ղրիմի, այնպես էլ Դոնբասի հարցում»,- պարզաբանեց թուրքագետը:

Անկարան, ինչպես նշեց փորձագետը, ռազմական ԱԹՍ-ներ արտադրողի վարկանիշ է ստեղծել, որոնք օգտագործվել են նաեւ Արցախում, եւ փորձում է այս հաջողության պատմությունը կապիտալիզացնել նյութական (դրանց արտահանումն ավելացնել) եւ քաղաքական (դրանք դարձնել տարածաշրջանային գործընթացների գործոն) տեսակետներից:

«Եթե Սիրիայում եւ Արցախում «Բայրաքթարները» կարողացան հաջողություն բերել, ապա Ռուսաստանի դեմ պայքարում նրանց նշանակությունը կարող է այդքան էլ լուրջ չլինել, քանի որ Մոսկվան ունի դրանց դեմ պայքարի իր արդյունավետ մեխանիզմները: Չեմ կարծում, որ «Բայրաքթարները» անհաղթահարելի խոչընդոտ կդառնան Ռուսաստանի համար: Մոսկվայի համար ավելի հեշտ կլինի ոչնչացնել բոլոր այն օդանավակայանները, որտեղից կթռչեն այս ԱԹՍ-ները, քան ոչնչացնել դրանք առանձին»,- եզրափակեց Մելքոնյանը: