Ավելի հավանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կողմերը բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին փաստաթուղթ ստորագրեն։ Հունիսի 20-ին տեղի ունեցած մամւլի ասուլիսի ժամանակ այս մասին հայատարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նրա խոսքով, պակաս հավանական է, որ Կազանում ընդունվի մեկ այլ փաստաթուղթ, որով հակամարտության կողմերը համաձայնեն հետեւել ընդունվածներից տարբեր, այլ սկզբունքների։ «Ըստ էության, հունիսի 25-ին խոսք է գնալու երկու կողմերին էլ ընդունելի սկզբունքների մասին, եւ ասվելու են ընդհանուր ֆրազաներ»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու թեմային՝ Ալեքսանդր Մարկարովը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին նման նախադրյալներ չկան։ «Ինչ վերաբերում է մշտապես հնչող այն հարցին, թե հակամարտող կողմերից ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը, ապա ես ասում եմ, որ ժամանակն աշխատում է հօգուտ խաղաղության պահպանման»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 25-ին։




























