Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողներին պետական դրամաշնորհներ տրամադրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Նախագծով առաջարկվում է զինվորական ծառայության մեջ որպես կամավորական ընդգրկված, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության մեջ գտնվող եւ պետական պաշտոն ու պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձը պահպանել մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում: Մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատելու դեպքում առաջարկվում է չկիրառել օրենքով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները:
Բացի այդ, եթե կես տարվա արդյունքներով պարզվի, որ այդ պետական ծառայողները չեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրը պատերազմին մասնակցելու պատճառով, նրանց նկատմամբ որեւէ սանկցիա չի կիրառվի:





























