Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում հունիսի 25-ին կայանալիք հանդիպումը մարտահրավեր է լինելու երկու երկրների քաղաքական ռեժիմների համար էլ. անկախ նրանից՝ կստորագրվի Կազանում որեւէ փաստաթուղթ, թե ոչ, հանդիպումը բերելու է այդ ռեժիմների փոփոխության։ Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Անդրեաս Ղուկասյանը։

«Երկու երկրների ռեժիմներն էլ մոտեցել են իրենց վերջին կետին, աշխարհի եւ իրենց հասարակությունների համար սպառել իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։ Այսօր ակնհայտ է, որ այդ ռեժիմները չեն կարող ոչ խաղաղություն հաստատել, ոչ էլ պատերազմ սկսել։ Բնության մեջ այսպիսի օրենք կա. այն, ինչը ֆունկցիոնալ նշանակություն չունի, դուրս է խաղից։ Հայաստանն ունի ֆունկցիոնալ նշանակություն ունեցող ռեժիմ, Ադրբեջանը եւս, սակայն  այդ ռեժիմները՝ որպես կառավարման մեթոդներ, սպառվել են»,- ընդգծեց փորձագետը։

Անդրեաս Ղուկասյանի խոսքով, Կազանում կայանալիք հանդիպմանը կորոշվի՝ շարունակվելու է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թե` ոչ։ «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չստորագրի այն, ինչ այսօրվա դրությամբ դրված է բանակցային սեղանին, ապա ձեւաչափը, որպես այդպիսին, փոփոխվելու է։ ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն իրենց խնդիրները։ Մենք համաձայն ենք սեղանին դրված սկզբունքներին, մինչդեռ Ադրբեջանը դեռեւս չի կողմնորոշվել։ Այնպես որ, այդ երկիրը, գնահատելով բոլոր թեր եւ դեմ կողմերը, այս մի քանի օրվա ընթացքում պետք է կողմնորոշվի եւ գա ընդհանուր եզրակացության»,- ասաց նա։

Ղուկասյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ եթե Կազանում հակամարտող կողմերի միջեւ որեւէ համաձայանգիր կնքվի, տրամաբանական է, որ դա հիմք կհանդիսանա հայ-թուրքական արձանագրությունների վավարեցման համար։ «Ակնհայտ է, որ այս հարցերը փոխկապակցված են միմյանց հետ»,- ամփոփեց փորձագետը։

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 25-ին։