Երեւանն ապավինում է հարեւան երկրների գործողություններին՝ վստահության մթնոլորտի վերականգնման համար: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը՝ պատասխանելով Թուրքիայի առաջարկած «վեցի հարթակի» մասին պատգամավորների հարցին:
Նա հայտնեց, որ Հայաստանը միշտ եղել է տարածաշրջանային համագործակցության կողմնակիցը, ինչը կխթաներ վստահության մթնոլորտն ու կհանգեցներ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության:
«Մեր մեղքով չէ, որ այդ հարթակները եւ համագործակցությունը չեն կայացել: Այսօր, ցավոք, ունենք վստահության մթնոլորտի ձեւավորման մասով թերություններ: Մենք հույս ունենք, որ հետագայում հարեւան երկրները քայլեր կձեռնարկեն այդ մթնոլորտի ձեւավորման համար»,-ասաց նա:





























