Պաշտոնական որևէ տեղեկատվություն չկար, որ Նիկոլ Փաշինյանը պիտի գար Սյունիք, բայց գուշակություններով, ինչպես ամեն բան այսօր մեր երկրում, գիտեինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյան՝ հավելելով, որ բողոքի ակցիա իրականացնողների կողքին էր ու փորձում էր մարդկանց հանգստացնել, որպեսզի ցավալի դեպքեր չլինեին։
«Եկել էր Ագարակի զորամաս ու հետո ուզում էր գնալ գերեզման, չթողեցին։ Զորամասից դուրս էր եկել, որ մարդկանց մեջ քայլի, մարդիկ հարցադրումներ են արել Ալիևի երեկվա հայատարարության մասին», -ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ անձամբ ներկա չի եղել այդ պահին, բայց ամեն ինչ ակնհայտ էր մարդկանց վերաբերմունքից ու վանկարկումներից։
Հարցին՝ մի պահ եթերում չէր երևում Փաշինյանն, ու՞ր է փորձում գնալ, նա ասաց, որ Փաշինյանը փորձում էր մտնել շենքերի բակեր։ Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ էին ապահովում Փաշինյանի անվտանգությունը, և տեղի, և մայրաքաղաքից եկած մեծաթիվ ուժեր կային։ «Շատ եմ տեսել ղեկավարների այց, բայց այդ քանակի ուժեր չէի տեսել», -ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դեպի Մեղրի է ուղևորվում Փաշինյանը։
Անդրադառնալով այցին ընդառաջ մարզի ոստիկանապետերի փոփոխությանը, Մխիթար Զաքարյանն ասաց, որ վերջիններս էլ էին եկել Փաշինյանի հետ։ Նա նաև նշեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները քաղաքացիներից մի քանիսին խփեցին, գետնին գցեցին։ «Այս պահին և ինձ, և հավաքված ժողովրդին ամենից շատ հետաքրքրում է այն, որ հադրութցիների պես գաղթական չդառնանք։ Մնացածը ածանցյալներ են»,- եզրափակեց Մեղրիի քաղաքապետը։
Նշենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 20-ին, NEWS.am-ը հայտնել էր, որ Փաշինյանի խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Նշենք, որ երեկ՝ երեկոյան արդեն NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը գիշերով այցելել է Շուռնուխ համայնք։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։





























