Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցության որեւէ հանդիպում չի կարող բանակցություն համարվել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ընդգծելով, որ ողջունում է դրական ազդակներ պարունակող հանդիպումները, Լարիսա Ալավերդյանն այդուհանդերձ հայտարարել է, թե հանդիպումներն առանց ԼՂՀ ներկայացուցիչների հանդիպումներ էլ մնում են, եւ որեւէ կերպ չեն կարող բանակցություններ կոչվել:
Ընդհանուր առմամբ, ըստ Ալավերդյանի, ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացն ընթանում է ոչ այն հունով: Անդրադառնալով Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, պատգամավորը կարծիք է հայտնել, թե հանդիպումը չեզոք-բացասական բնույթ է կրելու, եթե իհարկե հայկական կողմը ինչ-որ նոր բան չառաջարկի:
«Դա նույն ճահիճն է, եւ որքան երկար ձգձգվի, այնքան խորը կթաղվենք»,- նկատել է Լարիսա Ալավերդյանը: Ընդ որում, պատգամավորը կարծում է, թե հայկական կողմի հռետորաբանության որոշ մասը բացում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը, եւ սեփական ժողովրդի հաշվին խնդիրը լուծելու սին հույսեր արթնացնում նրանց մոտ:




























