Երեւանում ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին Կովկասի մահմեդականների առաջնորդի մասնակցության հարցը քննարկվելու է կառույցի մյուս համանախագահ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ արտահերթ հանդիպմանը:

Այդ մասին Trend-ին հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության մամուլի քարտուղար Ռագիմա Դադաշեւան:

«Առայժմ մեր կողմից որեւէ խոստում չի տրվել միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 17-ին Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը հայտնել էր, թե «Դա Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պատմական այցն է լինելու Հայաստան, այնպես, ինչպես Գարեգին Երկրորդը ժամանել էր Բաքու»:

Նրա խոսքով, Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ 2010 թվականի ապրիլին Բաքու կատարած այցը եւ Փաշազադեի՝ այս տարվա նոյեմբերին կատարելիք այցը Երեւան «իրապես պատմական իրադարձություններ են»։

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության՝ Երեւանում կայանալիք նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: