Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, կարեւոր դեր է խաղում Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային փոխօգնության պարտավորությունները կարգավորվում են համագործակցության լայն հնարավորություն ընձեռող նորմատիվ-իրավական դաշտով՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով: «Մինչ այժմ մենք չենք հանդիպել որեւէ պաշտոնական սահմանափակումների, որոնք կարող էին խոչընդոտել մեր համատեղ նախագծերի իրականացմանը: Եթե հանկարծ հանդիպենք նման խոչընդոտների, ապա կքննարկենք նաեւ լրացուցիչ պայմանագրեր ստորագրելու կամ եղած պայմանագրերը երկարաձգելու հարցը: Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, Ռուսաստանը, որպես մեր ռազմավարական դաշնակից, կարեւոր դեր է խաղում, եւ մենք շարունակում ենք համագործակցել Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ամրապնդման գործում»:





























