Ադրբեջանը վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին տոնել ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը:

«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ժամանեց տարածաշրջան որպես խաղաղապահ, Լաչինի միջանցքը մնաց անվերահսկելի, եւ նրանք պատրաստվում են մայիսի 9-ին կայանալիք շքերթին Ղարաբաղի հայաբնակ հատվածում: Դա, ըստ էության, ազդանշան է Ադրբեջանին եւ ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղի այս հատվածը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Դա սպառնալիք է եւ ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, սա Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ որոշ հարցերի շուրջ անհամաձայնության ցուցադրում է»,- Turan-ին հայտարարել է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն:

Ըստ նրա՝ լարվածությունն աճում է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ: «Հրադադարի ռեժիմն ինտենսիվորեն խախտվում է, ինչը կարող է հանգեցնել տեղական բախումների, նույնիսկ՝ եթե ոչ լայնամասշտաբ ռազմական գործողությունների,- կարծում է Է.Շահինօղլուն:- Ադրբեջանը չի ցանկանում լինել ո՛չ Ռուսաստանի թշնամին, ո՛չ ստրուկը: Այդ պատճառով Ռուսաստանը մեծացնում է ճնշումն Ադրբեջանի վրա եւ սպառնալիք է ստեղծում», - ասել է Շահինօղլուն:

Կենտրոնի ղեկավարը կարծում է, որ «աճող ճնշումն Ադրբեջանին ստիպում է հետագա հակաահաբեկչական գործողություններ իրականացնել տարածաշրջանում»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում Ռուսաստանի զորահանդեսին, Է.Շահինօղլուն ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը պետք է հրավիրի ՌԴ դեսպանին եւ ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխանցի մյուս կողմին: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը պետք է ստիպի Ռուսաստանին զգալ այդ ճնշումը: Կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանից ձեռնպահ մնալը չի նվազեցնի սպառնալիքը: «Եթե Ռուսաստանն ընդամենը հինգ ամսվա ընթացքում այսքան շատ սադրանքների է դիմել, ապա սադրանքներ կարելի է կանխատեսել նաեւ մնացած հինգ տարվա ընթացքում»,- ասաց նա:

Ըստ կենտրոնի ղեկավարի՝ «Ղարաբաղում Ռուսաստանի աճող սադրանքները դադարեցնելու համար անհրաժեշտ է մեծացնել Թուրքիայի ռազմական ներկայությունը Ղարաբաղում, թուրքական ռազմական կայազորի տեղակայումը Շուշայում եւ ապահովել Շուշիի անվտանգությունը»:

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը դա չի ցանկանում, ապա պետք է իր զինված ուժերը դուրս բերի տարածաշրջանից, այլ տարբերակ չկա: