Ուսանողների կողմից ռեկտորի դեմ բողոքներով նամակներ շատ կարող են լինել, սակայն ԵՊՀ վերընտրված ռեկտոր Արամ Սիմոնյանն աշխատում է այդպիսի միջադեպերի վրա առանձնակի ուշադրություն չսեւեռել։ Այս մասին լրագրողների հետ հունիսի 21-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից վերջերս իր դեմ հրապարակված անանուն նամակին։
Նա միաժամանակ կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ստորագրահավաք կազմակերպողներն ուսանողներ են։ «Եթե քննադատությունների մեջ առողջ մտքեր եւ առաջարկություններ կան, դրանք, իհարկե, պետք է արժանանան ե՛ւ իմ, ե՛ւ մյուս համալսարանականների ուշադրությանը։ Միշտ չթէ, որ քննադատությունն անհիմն է, կան քննադատություններ, որոնք պետք է քաջություն ունենալ ընդունել եւ օգուտ քաղել դրանցից՝ ի շահ համալսարանի զարգացման»,- նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ վերջերս ԵՊՀ մի խումբ ուսանողներ անանուն նամակ-բողոք էին հրապարակել ԵՊՀ ռեկոտոր Արամ Սիմոնյանի դեմ։
Տեղեկացնենք նաեւ, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի՝ հունիսի 21-ին տեղի ունեցած նիստում 60 «կողմ», 7 «դեմ» եւ 2 անվավեր քվեներով ԵՊՀ ռեկտոր է վերընտրվել Արամ Սիմոնյանը։ Իդեպ, վերջինս ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում առաջադրված միակ թեկնածուն էր։




























