Ազգային ժողովը լուծարելու հետ կապված որեւէ հարց ՀՀԿ-ն չի քննարկել եւ չէր էլ կարող քննարկել, այս մասին ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով մեկ այլ ՀՀԿ-ականի` ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հայտարարությունը: Վերջինս հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «ՀԱԿ-ը կարող է ԱԺ նախագահի հետ քննարկել ԱԺ-ի լուծարման առաջնահերթությունը: Այո, ՀՀ նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով լուծարել Աժ-ն, եթե կա օրենքով սահմանված հիմքը»:
«Նման հայտարարություն չի կարող լինել, մասնավորապես, Հակոբ Հակոբյանի կողմից»,- ասաց Սահակյանը՝ կրկին անգամ շեշտելով, որ որեւէ նման հարց ՀՀԿ-ն չի քննարկել:
Մինչդեռ ասուլիսից մի քանի ժամ հետո ԱԺ-ում Հակոբ Հակոբյանը հերքեց իր հայտարարությունը, նշելով, թե իր խոսքերը լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացրել: «Հարցին, թե ընդդիմության պահանջը արդյոք կարող է նախագահը բավարարել, լուծարելով Ազգային ժողովը ես բառացի կարդացել եմ Սահմանադրության 74.1-րդ հոդվածը, որ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե դրա համար լինեն օրենքով սահմանված կարգով հիմքեր: Իսկ օրենքն ասում է հետեւյալը. «Եթե Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ»,-պնդեց Հակոբյանը:




























