Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել գերմանացիներին համավարակի հետ կապված համազգային սահմանափակումներ ընդունել, որոնք ուժի մեջ են մտել կեսգիշերից, հայտնում է AP-ն:
Իր ամենշաբաթյա տեսաուղերձում նա խոստովանել է, որ նոր կանոնները «կոշտ» են, բայց պնդել է, որ դրանք անհրաժեշտ են երկրում վիրուսի տարածումը զսպելու համար:
Վերջին 24 ժամվա ընթացքում գերմանական հիվանդությունների վերահսկման գործակալությունը հաղորդել է COVID-19-ով վարակման 23392 նոր հաստատված դեպքի եւ ավելի քան 286 մահվան դեպքի մասին:
Մերկելը հայտարարել է, որ նոր միջոցները, որոնք ավտոմատ կերպով ուժի մեջ են մտնում այն շրջաններում, որտեղ շաբաթական 100-ից ավելի նոր դեպք է գրանցվում 100 000 բնակչի հաշվով, «չափազանց անհրաժեշտ են»:
«Ոչ մի երկիր, որին հաջողվել է կասեցնել համավարակի երրորդ ալիքը եւ այնուհետեւ վերացնել սահմանափակումները, դա չի արել առանց կոշտ միջոցների, ինչպիսին է գիշերային պարետային ժամը», - ասել է Մերկելը:





























