Արչիլ Թալակվաձեն լքում է Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում խորհրդարանական մեծամասնության հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «Նովոստիա-Գրուզիա»-ն:

Այժմ Թալակվաձեն կզբաղեցնի փոխխոսնակի պաշտոնը: Մինչդեռ իշխող կուսակցությունն օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում առաջադրել է 48-ամյա Կախա Կուչավային, ով ձբաղեցնում էր Թալակվաձեի տեղակալի պաշտոնը:
«Մենք որոշեցինք ռոտացիա անցկացնել: Այժմ, երբ մենք խորհրդարանում ներկայացուցչական ընդդիմություն ունենք, կարծում եմ, որ իմ տեղը դահլիճում իմ գործընկերների կողքին է, այլ ոչ թե խոսնակի դերում»,- հայտարարել է Թալակվաձեն:

Նա պարզաբանել է, որ հեռանալու որոշումը կապված է 2020-ի աշնանը խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ծագած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու մասին համաձայնագրի ստորագրման հետ: Մի քանի ամիս շարունակ Թալակվաձեն եւ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության հետ հանդիպումներին ներկայացնում էին «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Հաշվի առնելով, որ մի քանի ամիս տեւած լարված բանակցություններն ավարտվեցին համաձայնությամբ (…) կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ թողնել խոսնակի պաշտոնը եւ այդ պաշտոնի համար ներկայացնել մեկին, ով ավելի չեզոք դիրքերից կգլխավորի խորհրդարանը», - հավելել է Թալաքվաձեն:

Արչիլ Թալակվաձեն իններորդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի ամռանից: Նա այս պաշտոնում ընտրվել էր «Գավրիլովյան գիշերից» եւ Իրակլի Կոբախիձեի՝ խոսնակի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո:
2020 թվականի դեկտեմբերի 11-ին Թալակվաձեն ընտրվել էր Վրաստանի խորհրդարանի տասներորդ գումարման խոսնակի պաշտոնում: