Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) այսօր` հունիսի 21-ին կայացել է խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում եղել է ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը:

Համալսարանի գիտական խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է Արամ Հրաչիկի Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է Մայր բուհի զարգացման ծրագրի իր հայեցակարգը, պատասխանել` խորհրդի անդամների հարցերին:

Ներկայացված ծրագրի եւ ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձեւավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 60, դեմ` 7 խորհրդի անդամ, 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին` վստահություն հայտնելով, որ առաջիկա հինգ տարիներին Մայր բուհն ունենալու է լուրջ ձեռքբերումներ:

«Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձր կարգի հայկական պետական համալսարան: Սա´ է մեր ցանկությունը, եւ ես իմ կողմից, Կառավարությունն իր կողմից վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք այս նպատակին հասնենք»,-ասել է նախագահը: