Պատմությունը ցույց է տալիս, որ անկախության եւ ինքնիշխանության ճանաչումը դեռեւս անվտանգության երաշխիք չէ: Այս մասին ապրիլի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը՝ պատասխանելով այն հարցին, թե չի եկել արդյոք ժամանակը, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, որպեսզի հետագայում բացառի արյունահեղությունը:

Որպես ասվածի օրինակ՝ Լեմուանը բերեց Բոսնիա եւ Հերցեգովինան, որտեղ անկախության ճանաչումից հետո քաղաքացիական պատերազմ սկսվեց: «Եթե չեմ սխալվում, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը»,- հավելեց պետքարտուղարը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Սենատում տեղի ունեցած քննարկումների ժամանակ նա բացասական կարծիք էր հայտնել ճանաչման վերաբերյալ՝ այն համարելով ոչ նպատակահարմար այս փուլում: