ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գործարար պատգամավոր Տիգրան Արազաքանցյանը այսօր` հունիսի 21-ին մասնակցում էր ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքներին: Նա մի պահ հայտնվեց ԱԺ միջանցքում, եւ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
«Երկիր» օրաթերթի դեմ դատական հայց ներկայացրած պատգամավորը լրագրողներին բացատրեց, թե ինքը հատկապես վիրավորվել է օրաթերթի հրապարակման մեջ առկա այն ձեւակերպումից, թե իբր ինքը աղջիկներ է տանում-բերում: «Ուրեմն ասեմ, անձնական կյանքի մեջ իրավունք չունեն մտնելու: Առաջինը, որ աղջիկներ եմ բերում-տանում, խանդի հող ունե՞ք, չհասկացա, խանդո՞ւմ եք, ձեզի տանեմ-բերե՞մ, չհասկացա, բերանս են բացում... իբր ռուս աղջիկներ եմ տանում-բերում: Ես բազմազավակ ընտանիք ունեմ, հարգող շրջապատ… ընդունող: Ես կարողա՞ խոսում եմ, թե էդ խմբագիրը կամ լրատվամիջոցների տերերը ինչով են զբաղվում աշխատանքից հետո»,- բարկացած հայտարարեց պատգամավորը:
Նա միաժամանակ հավելեց, թե դատարանի որոշմամբ օրաթերթից բռնագանձվելիք գումարը տրամատրելու է բարեգործական նպատակների իրականացմանը: Պատգամավորը նշել է նաեւ, որ ԱԺ նիստերից բացակայում է հարգելի պատճառներով` առողջական խնդիրներ ունի: իսկ թե հատկապես ինչ խնդիր` չի մանրամասնել` արձագանքելով. «Էտ իմ անձնականն ա»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մանդատը վայր չի դնում` ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Ուրեմն ասեմ ձեզ էլի: Եթե մարդկանց հետ դժբախտություն ա պատահում, նորմալ մարդը կարում է ցավի ու հասկանա, եթե ստեղ մարդու առողջության հետ կապված խնդիրներ կան, իրեն բուժումով, իրեն առողջությամբ է զբաղվում, ուրեմն չպիտի դնեն-վերցնեն՝ ինչ ա, ինչ չի, դիագնոզը, ուզում եք ամեն ինչ իմանաք: Ուրեմն ես գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, ես շատ ուրախ կլինեի, եթե էդ խնդիրը չլիներ, բոլոր նստաշրջաններին մասնակցեի»: Արզաքանցյանը միաժամանակ հավելել է, թե կրկին առաջադրվելու է ԱԺ գալիք ընտրություններում, իսկ իր ընտրվելու շանսերի մասին ոչինչ չի հայտնել. «Ժողովուրդը կորոշի»,-ասել է նա:
Իսկ երբ լրագրողները հարցրել են, թե ինչու է այսօր եկել ԱԺ, ինչ որ առանձնահատուկ օ՞ր է, Արզաքանցյանն արձագանքել է. «Ես Հայաստանում եմ, ո՞նց թե` ինչու եք եկել, Հայաստանում եմ, եկել եմ: Գալիս ենք, ասում եք խի՞ եք գալիս, չենք գալիս, ասում եք խի՞ չեք գալիս: Ես ձեզ չեմ հասկանում»:
Ի դեպ, ԱԺ այսօրվա նիստին մասնակցում էին նաեւ այն պատգամավորները, որոնց տարին մեկ-երկու անգամ կարելի է տեսնել խորհրդարանում: ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Սարգսյանը, Սամվել Սահակյանը, Սեյրան Սարոյանը, ով ի դեպ, ԱԺ-էր եկել վարդագույն մայկայով:




























