Հաջորդ շաբաթ Թուրքիայի բանակցությունները Եգիպտոսի հետ կարող են նպաստել համագործակցությունը վերսկսելու եւ Լիբիայում պատերազմը դադարեցնելու ջանքերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, հայտնում է Reuters-ը:

Վերջին ժամանակներս Թուրքիան աշխատանքներ է սկսել Եգիպտոսի եւ Պարսից ծոցի արաբական երկրների հետ կապերը վերականգնելու ուղղությամբ՝ փորձելով հաղթահարել այն տարաձայնությունները, որոնց պատճառով Անկարան ավելի ու ավելի մեկուսացած է դառնում արաբական աշխարհում:

Կալինի խոսքով՝ հետախուզության ղեկավարները, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարները կապի մեջ են, իսկ մայիսի սկզբին թուրքական դիվանագիտական պատվիրակությունը կայցելի Եգիպտոս:

«Հաշվի առնելով տեղերում առկա իրողությունները՝ կարծում եմ, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելը բխում է ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի շահերից»,- ասել է նա:

Անցյալ ամիս Կահիրեի հանդեպ բարի կամք դրսեւորելով՝ Թուրքիան խնդրել է իր տարածքում գործող եգիպտական ընդդիմադիր հեռուստաընկերություններին մեղմացնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հասցեին ուղղված քննադատությունը:

Եգիպտոսը ողջունել է այդ քայլը, բայց հրապարակավ զգուշորեն է վերաբերվել հարաբերությունների բարելավման Թուրքիայի կոչերին:

«Եգիպտոսի հետ մերձեցումը, անշուշտ, կօգնի Լիբիայի անվտանգության իրավիճակին, քանի որ մենք լիովին հասկանում ենք, որ Եգիպտոսը երկար սահման ունի Լիբիայի հետ, եւ դա երբեմն կարող է անվտանգության սպառնալիք ներկայացնել Եգիպտոսի համար»,- ասել է Կալինը: Նա նշել է, որ Թուրքիան կքննարկի անվտանգության խնդիրները Լիբիայում, որտեղ անցյալ ամիս իշխանության է եկել անցումային կառավարությունը:

Բայց չնայած բոլոր օտարերկրյա ուժերի կողմից երկիրը լքելու ՄԱԿ-ի կոչին, նա նշել է, որ թուրք զինվորականները կմնան: «Մենք համաձայնություն ունենք Լիբիայի կառավարության հետ»,- ասել է նա՝ նկատի ունենալով 2019թ. համաձայնագիրը, որը ճանապարհ է հարթել Տրիպոլիի կառավարությանը սատարելու Թուրքիայի վճռական միջամտության համար:

Եգիպտական նախաձեռնությանը զուգահեռ՝ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները Պարսից ծոցի ծանր քաշային Սաուդյան Արաբիայի հետ:

Տոնի զգալի փոփոխությամբ նա ողջունել է Սաուդյան Արաբիայում այն դատական գործընթացը, որով անցյալ տարի ութ մարդ 7-20 տարվա ազատազրկման էր դատապարտվել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար:

Այն ժամանակ Անկարան ասել էր, որ դատավճիռը չի արդարացնում սպասելիքները, եւ Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ էր արել համագործակցել Թուրքիայի հետ, որտեղ Սաուդյան Արաբիայի 20 պաշտոնատար անձանց դատավարությունը հեռակա կարգով է ընթանում, չնայած հուլիսից մինչ այժմ անցկացվել է ընդամենը երեք նիստ:

Էրդողանը 2018-ին ասել էր, որ Խաշոգջիին սպանելու հրամանը ստացվել է Սաուդյան Արաբիայի կառավարության «վերին մակարդակից», իսկ այս տարի փետրվարին հրապարակված ԱՄՆ հետախուզական գնահատականները պնդում են, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հավանություն է տվել սպանությանը՝ մեղադրանք, որը Էր Ռիադը հերքում է։

«Նրանք դատավարություն են անցկացրել»,- ասել է Կալինը: «Նրանք որոշում են կայացրել, ուստի մենք հարգում ենք այդ որոշումը»: