Սպիտակ տունը շարունակում է համարել, որ անհրաժեշտ է անկախ, թափանցիկ հետաքննություն անցկացնել կորոնավիրուսի ծագման եւ տարածման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

Նա չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք վարչակազմը ապացույցներ ունի, որ համավարակի պատճառն վիրուսի արտահոսքն է Ուհանի լաբորատորիայից: «Ես կասեմ, որ մենք դեռ համարում ենք, որ անհրաժեշտ է անկախ, թափանցիկ հետաքննություն անցկացնել, եւ դա պետք է տեղի ունենա Չինաստանի կառավարության հետ համագործակցությամբ եւ դրա կողմից տրամադրված տվյալների ուսումնասիրմամբ,- ասել է նա:- Այս պահին մենք գնահատական տալու համար բավարար տեղեկատվություն չունենք»:

ԱՀԿ-ի՝ այս տարվա սկզբին անցկացված հետաքննության արդյունքում պարզվել էր, որ արտահոսքն Ուհանի լաբորատորիայից «շատ քիչ հավանական է»:

Նախօրեին հանրապետականները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեում զեկույց էին տարածել, որում պնդում էին, որ «էական անուղղակի ապացույցներ» կան առ այն, որ վիրուսը ծագել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում արտահոսքի հետեւանքով: