Լսել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններում համատարած կեղծարարությունների մասին, բայց ոչ մի կոնկրետ փաստ չեմ տեսել։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաեւ խոստովանեց, որ անհամբերությամբ է սպասում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դիմումին Սահմանադրական դատարան, որպեսզի, վերջապես, հասկանա խախտումների եւ կեղծարարությունների մասշտաբները, որոնք թույլ են տրվել ընտրությունների ընթացքում։

«Բայց մենք նաեւ պետք է հասկանանք, որ, գուցե, մենք չպետք է վիրավորեինք հասարակության մի մասին՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին, հասկանանք, որ նրանց չպետք է վանեինք, քանի որ այդ մարդիկ վախից էլ ավելի համախմբվեցին Նիկոլի շուրջ»,- նշեց Զոհրաբյանը։

Այսուհետ, նրա խոսքով,  ինքն ամեն բանում ժողովրդին չի մեղադրելու, որովհետեւ, երբ երկրում կա քաղաքացի, որն ասում է՝ «հա, թող թուրքը գա ու սպանի ինձ, մենակ թե Նիկոլը մնա», ապա դրանում կա իր մեղքի բաժինը։

«Մենք այս հասարակությանը չպետք է մեղադրենք կրթված չլինելու մեջ, անվանենք փնթի, մարդկանց կոչենք բոմժ, թուրք, այլ պետք է լուսավորենք նրանց։ Մենք չենք կարող պարզապես վերցնել ու մեր ժողովրդին հանձնել թշնամուն։ Մենք ունենք հասարակություն, որտեղ ճնշող մեծամասնությունը չի հասկանում անվտանգության խնդիրները, եւ նա դրանում մեղավոր չէ, որովհետեւ նրան այդպես են սովորեցրել։ Կրթության մեր համակարգը քանդել են 30 տարի, այդ մարդկանց կերակրել են բրազիլական, իսկ հետո նաեւ հայկական սերիալներով։ Նրանից դուրս են վանել քաղաքացուն, եւ հիմա մնացել է միայն միջին վիճակագրական սպառողը»,- բացատրեց խորհրդարանականը՝ ներողություն խնդրելով հասարակության այն մասից, որը ենթարկվել է վիրավորանքի իր կողմից։

Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ նախկինի պես չի հասկանում նրանց դիրքորոշումն ու շարժառիթները։