Թեպետ ղարաբաղյան պատերազմի վերսկսման մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չկա, սակայն հաշվի առնելով, որ Ադրբեջանը թույլ եւ անկանխատեսելի հակառակորդ է, պատերազմական գործողությունների հավանականությունը բավական իրատեսական է։ Հունիսի 30-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին  հայտարարեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

«Ադրբեջանը լավ է հասկանում, որ որքան էլ վերջին տարիներին ավելացնում է սեփական սպառազինության ծախսերը, միեւնույն է, պատերազմ սկսելու դեպքում պարտություն է կրելու։ Ճիշտ է, Ադրբեջանը տարիներ շարունակ ավելացրել է իր զինուժը, սակայն միայն դա բավարար չէ Հայաստանի համար վտանգ ներկայացնելու համար։ Վտանգն իրականում պատահական պատերազմի հավանականության մեջ է, ճիշտ այնպիսի պատահական պատերազմի, որը սխալ հաշվարկների պատճառով տեղի ունեցավ 2008-ին՝ Հարավային Օսիայում։

Մեկ այլ վտանգ է ներկայացնում ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի դիվանագիտության փոփոխության հարցը. այլ կերպ, դիվանագիտական պատերազմն աստիճանաբար վերափոխվում է պատերազմի դիվանագիտության։ Ադրբեջանը չի հասկանում, որ տանուլ է տվել պատերազմը եւ մեկընդմիշտ կորցրել Ղարաբաղը։ Սա հոգեբանական խնդիր է, որի հետեւանքով Ադրբեջանն իրեն մտցրել է սենյակի անկյունը՝ պահանջելով ամեն ինչ եւ միանգամից»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ շեշտելով, որ լավ է ունենալ ուժեղ եւ կանխատեսելի, քան Ադրբեջանի նման թույլ եւ անկանխատեսելի հակառակորդ։