ՍԴ-ն սահմանում է ԿԸՀ որոշումը բողոքարկող քաղաքական կուսակցությունների դիմելու վերաբերյալ նյութերի ուսումնասիրման կարգը։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկել է իր տարբերակը՝ հաշվի առնելով գործի առանձնահատկությունները։ «Մասնակիցների աննախադեպ թիվ է՝ 9։ Մենք ժամանակի խիստ սահմանափակում ունենք։ Այսօրվանից բացի 8 օր որոշում ընդունելու համար»,- հիշեցրել է նա։ ՍԴ նախագահի առաջարկով սկզբում հայցվորները դիմումի գրանցման կարգով կներկայացնեն հայցերը. «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը։ Հետո հանդես կգա պատասխանողը, համապատասխանողները, որպես երրորդ կողմ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այնուհետեւ կողմերը կհասցեագրեն հարցերը։
Ավելի վաղ ՍԴ-ն ընդունել էր աշխատանքային որոշում ելույթների տեւողության վերաբերյալ, ինչի մասին հիշատակեց Արման Դիլանյանը։ Դատավոր Արեւիկ Պետրոսյանը հատուկ կարծիք հայտնեց՝ ընդգծելով, որ օրենսդրությունը դա չի նախատեսում, ընդհակառակը, նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք իրավունք։ Պետրոսյանն առաջարկեց չսահմանափակել ելույթ ունեցողների ժամանակը։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը պաշտպանեց դատավոր Պետրոսյանին, չնայած նշեց, որ հասկանում է նաեւ պատճառները, որոնք ՍԴ-ին մղել են ընդունել նման աշխատանքային որոշում։ Այս առնչությամբ նա առաջարկեց դիտարկել նիստը շարունակելու հնարավորությունը աշխատանքային օրվա ավարտից հետո կամ ընդլայնել գործի դիտարկմանը հատկացված ժամկետը՝ 15 օր։ Արման Դիլանյանը նշեց, որ որոշումն ընդունվել է կողմերի կարծիքները հաշվի առնելով, եւ եթե դաշինքի կարծիքը փոխվել է, ապա արժե ասել այդ մասին։ «Ես առաջարկել եմ մեկ ժամ տարբերակը։ Կարծում եմ, դա պետք է բավական լինի։ Բայց կարող է եւ ոչ։ Ասել, թե մեկ ժամը պետք է դիտարկել որպես կոնկրետ հատկացված ժամկետ՝ ես դրան դեմ եմ»,- պարզաբանել է Արամ Վարդեւանյանը՝ ավելացնելով, որ առաջարկում է մեկ ժամը դիտարկել որպես ելակետային որոշում, բայց ոչ վերջնական։ Դատավոր Թովմասյանն առաջարկեց սահմանել մեկուկես ժամ։ Վարդեւանյանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ կոշտ շրջանակներ չսահմանվեն։
«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը համաձայնեց, որ չարժե սահմանել կոշտ շրջանակներ։ Ինչ վերաբերում է հերթականությանը, ապա կարգը, որի դեպքում ԿԸՀ-ն կպատասխանի միանգամից բոլորին, ենթադրում է, որ կարող են տեսադաշտից բաց թողնվել կարեւոր հանգամանքներ։ Դրա համար նա առաջարկեց, որպեսզի ԿԸՀ-ն պատասխանի բոլորին առանձին։
«Հայոց հայրենիք»-ի ներկայացուցիչ Արտակ Գալստյանը հատկացված ժամանակային միջակայքը բավական համարեց դիրքորոշում ներկայացնելու համար։ Հերթականության հարցում համաձայնեց Արա Զոհրաբյանի հետ։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ դատարանը պետք է կողմնորոշիչ ժամկետներ հատկացնի, այլ ոչ թե կոշտ։
Նա միաժամանակ միջնորդեց մեկական ժամ հատկացնել ԿԸՀ-ին յուրաքանչյուր հայցվորին պատասխանելու համար։ ՍԴ որոշումը թելադրված էր այն գաղափարով, որ ԿԸՀ-ն միանգամից կպատասխանի բոլոր չորս ուժերին (նրանց հատկացված է մեկական ժամ), իսկ ԿԸՀ-ին 2 ժամ բոլորին միանգամից պատասխանելու համար։ Հարությունյանն ընդգծեց, որ ԿԸՀ-ին պետք է հատկացնել մեկական ժամ յուրաքանչյուրին պատասխանելու համար, ընդ որում՝ անմիջապես ելույթից հետո, այլապես կորչում է արդյունավետությունը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անհրաժեշտ համարռց, հաշվի առնելով անցած տարիների պրակտիկան, սահմանել ժամանակի որոշակի սահմանափակումներ հայցը ներկայացնելու համար, 5-10 րոպե ավելացնելը խնդիր չի լինի։ Ինչ վերաբերում է հերթականությանը, ԿԸՀ-ում կիսում են ՍԴ կարծիքը, հակառակ դեպքում ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Մենք դեմ ենք նման մոտեցմանը, եթե ընդունվի այդպես աշխատելու որոշում, մեզ ժամանակ պետք կլինի չորս պատասխանների պատրաստման համար (գրավոր պատասխաններ ժամանակի խնայողության համար), ասաց Մուկուչյանը։ Դատավոր Գրիգորյանը առաջարկեց ԿԸՀ պատասխանում նշել, թե որ պատասխանը որ կողմի համար է նախանշված։ Մուկուչյանը խոստացավ փորձել։
Դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը համաձայնեց ՍԴ առաջարկած հերթականության տարբերակին։ Դավիթ Հարությունյանի առաջարկի վերաբերյալ դատախազությունը հարցեր ունի։ Տարածվո՞ւմ է արդյոք առաջարկությունը միայն պատասխանողի, թե՞ համապատասխանողների վրա նույնպես։ Ինչ վերաբերում է հատկացված ժամանակին, ապա Հովհաննիսյանը համաձայն է կողմնորոշիչ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությանը, բայց անհրաժեշտության դեպքում ավելացնել այն։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը ՍԴ առաջարկին առարկություններ չուներ։ Նա միայն հիշեցրեց, որ հանձնաժողովի դեմ բողոքներ չեն եղել։
Արման Դիլանյանը Դավիթ Հարությունյանից ճշտեց, թե «պատասխանող» ասելով նա նկատի ունի միայն ԿԸՀ-ն, թե համապատասխանողներին։ ԿԸՀ-ին, բացատրեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ որքան իրեն հայտնի է այլ հայցերի բովանդակությունը, բոլոր համապատասխանողների ելույթի անհրաժեշտություն հայցերի ներկայացումից հետո չկա։
Դատավոր Գրիգորյանը փաստեց, որ ՍԴ-ն ձեւական մոտեցում չի ցուցաբերում եւ մեկ ժամ ժամկետ սահմանելով՝ բնավ չի ենթադրել սահմանափակումներ մտցնել։ Դատավոր Թովմասյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն գործ ունի չորս տարբեր հայցերի հետ, եւ պատասխանները նույնպես պետք է տարբեր լինեն. եթե փաստարկները կրկնվում են, դա հեշտացնում է պատասխանողի խնդիրը, նա ստիպված չի լինի երկրորդ անգամ կրկնել։ Բայց եթե թվարկվում են չորս հայցերը, մենք հասցնում ենք մոռանալ փաստարկները՝ որոնց է պատասխանողը պատասխանել, իսկ որոնց՝ ոչ, նույնպես պարզ չի լինելու։ «Առաջարկում եմ բավարարել միջնորդությունը»,- ամփոփեց Թովմասյանը։ Այս տրամաբանությամբ հարցերն էլ պետք է տալ բոլոր ելույթներից հետո, ավելացրեց դատավորը։
Դատավոր Պետրոսյանն առաջարկեց, հաշվի առնելով մասնակիցների աննախադեպ թիվը եւ կարգավորումների բացակայությունը, առաջնորդվել անհատական մոտեցմամբ եւ իրավիճակով. եթե անհրաժեշտություն կա՝ երկարացնել ելույթի ժամանակը, եթե հայցվորը պնդում է՝ լսել պատասխանողին։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։





























