«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը Սահմանադրական դատարանի նիստին ներկայացրեց իր պարզաբանումները (հայցը):

Նրա խոսքով՝ հայտարարությունը ներկայացված է 2 խմբով, խնդիրները բաժանվում են ըստ քանակական եւ որակական չափանիշների, ընդգրկում են ընտրական ողջ գործընթացը:

Վարդեւանյանն անդրադարձավ դատարանի գործառույթներին եւ միջազգային փորձին, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքի ընդունումից հետո:

Փաստաբանը հիշեցրեց, որ Փաշինյանն իր անունից դեռ մարտին հայտարարել էր, որ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Չնայած նրան, որ օրը հայտարարելու եւ որոշելու գործառույթներն օրենսդրությամբ վերապահված են նախագահին: Ընտրությունների օրը որոշելու համար պետք է լինեն հիմքեր եւ նախադրյալներ, այլ ոչ թե հայտարարություն Facebook-ում: «Կներեք, բայց սա է իրականությունը»,- ասաց Վարդեւանյանը: Վարդեւանյանը կասկածի տակ դրեց նախագահի՝ որպես արբիտրի դերը:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին եւ միեւնույն ժամանակ հայտարարեց, որ մնալու է իր պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակեց Վարդեւանյանը: «Սա ոչ միայն խնդիր է առաջացնում, այլեւ՝ շատ լուրջ խնդիր վարչական ռեսուրսների օգտագործման առումով»,- շեշտեց Վարդեւանյանը: Փաստաբանը ներկայացրած բացատրությունը որպես իրավական աբսուրդ որակեց: Իր անօրինական գործողություններով Նիկոլ Փաշինյանը խախտեց հավասարության սկզբունքը՝ փորձելով պահպանել պաշտոնակատարի կարգավիճակը, հայտարարեց Վարդեւանյանը:

Որպես վարչական ռեսուրսի օգտագործման հարցի վկայություն՝ Վարդեւանյանը բերեց 2012-ի մեկնաբանությունների օրինակը. նշվում էր Սերժ Սարգսյանի հանդիպումների հանգամանքը եւ նախարարների մասնակցությունը: «Դա դիտվել է որպես խախտում: Այս գնահատականների հեղինակը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն է»,- ասաց իրավաբանը՝ թվարկելով անձամբ Փաշինյանի եւ նրա նախընտրական մրցավազքին մասնակցած նախարարների ու մարզպետների հանդիպումները: «Եթե դա ինքնին խախտում չէ, ապա հետաքրքիր կլիներ լսել Բարձր դատարանին: Հատկապես, եթե հաշվի առնեք, որ անձը հրաժարվում է պաշտոնից, հրաժարական է տալիս ու շարունակում է պաշտոնակատար մնալ»,- ասաց նա:

Վարդեւանյանը չմոռացավ նաեւ այն հարյուրավոր ոստիկաններին, ովքեր Փաշինյանին ուղեկցում էին հանդիպումներին: «Նպատակը հասարակության վրա սառեցնող ազդեցություն ունենալն էր: Դա ուժի ցուցադրության տրամաբանության մեջ է: Այդ տրամաբանությունը կարմիր գծով անցնում էր նախընտրական ծրագրի միջով՝ ընդհուպ մինչեւ ցույցը եւ վարժությունները մուրճով»,- ասաց Վարդեւանյանը՝ թողնելով ոստիկանությանը պարզաբանել ուղեկցող ոստիկանների այդքան մեծ թվի նպատակահարմարությունը:

Եվ նույնիսկ Փաշինյանի միջոառումները լուսանկարել են վարչապետի անձնական լուսանկարիչները: Որպես ի՞նչ են նրանք այնտեղ ներկա գտնվել՝ աջակիցներ, թե անձնական լուսանկարիչներ, հասկանալի չէ: Ընդհանուր առմամբ, տեղի էր ունենում վարչական ռեսուրսների դասական օգտագործում՝ ծառայողական մեքենաներից մինչեւ անվտանգություն, եւ կրում էր աննախադեպ բնույթ: Եվ տարօրինակ զուգադիպություն. ընտրարշավի մեկնարկից մի քանի օր անց Տավուշի մարզպետը հայտարարում է 41.1 միլիոն դրամի բաշխման մասին: «Կարծում եմ, որ դա կապված է վարչական ռեսուրսների չարաշահման հետ»,- նշեց Վարդեւանյանը: Նույն օպերայից է գերավճարները վերադարձնելու մասին որոշումը՝ չնայած նրան, որ որոշումն ինքնին լավն է: Գործադիր մարմինը սերտաճել է իշխող կուսակցության հետ, եւ դա ակնհայտ առավելություններ է տալիս, արձանագրեց փաստաբանը:

Եվս մեկ խախտում, ընդ որում՝ անձամբ Փաշինյան, երեխաների ներգրավումն է, նշեց Վարդեւանյանը ՝ վկայակոչելով մեջբերելով վարչապետ (Փաշինյանը դիմել էր երեխաներին ծափ տալու առաջարկով): «Լռության օր, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Բայց ի՞նչ պատահեց այդ օրը: 25 քաղաքական ուժերից միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչապետի նստավայրից ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին: ԿԸՀ-ն արձանագրեց խախտումը: Որոշումը բողոքարկվեց Վարչական դատարանում, որը բեկանեց այն: Որոշումը կայացրած դատավորը ակնարկեց բացարկի մասին, բայց կողմերը միջնորդություն չներկայացրեցին:

Կարծում եմ, որ այս պահվածքը պետք է հաշվի առնել: Ընդ որում, որ բողոքարկման պահին նա արդեն վերադարձել էր արձակուրդից»,- ասաց Վարդեւանյանը:

Վարդեւանյանը հատուկ ուշադրություն դարձրեց Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը: Փաստաբանը հիշեցրեց, որ այդ անձը պատասխանատու է անվտանգության համար, նրան են ենթարկվում նաեւ անվտանգության կառույցները: «Եվ ինչպիսի՞ն էր հռետորաբանությունը»,- հարցրեց փաստաբանը: Ներողություն խնդրելով դատարանի առջեւ՝ Վարդեւանյանը մեջբերեց Փաշինյանի մեջբերումները. այդ մեջբերումներից մի քանիսն անպարկեշտ են: Փաշինյանի մեջբերումներում ֆիզիկական բռնության սպառնալիքներ էին:

«Մենք խոսում ենք հավասարության սկզբունքների մասին: Եվ դա ասում է իշխանության բոլոր լծակներով օժտված մարդը: Նման պայմաններում կարո՞ղ ենք արդյոք խոսել ազատ կամարտահայտման մասին»,- հարցրեց Արամ Վարդեւանյանը: Նա հիշեցրեց, որ իրենց լսածի ազդեցության տակ Փաշինյանի հանրահավաքի շատ մասնակիցներ եկել էին մուրճերով: «Դա՞ է ազատության մթնոլորտը»,- շարունակեց փաստաբանը: Եվ ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունը դատապարտելի բան չտեսան նման պահվածքի մեջ, ինչպես եւ՝ ԿԸՀ-ն:

Միեւնույն ժամանակ, իրավապահ մարմինները առանձնահատույ բացասական վերաբերմունք են ցուցաբերել դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: «Ես պարզել եմ, որ իրենց լեզվով դա «ստուգում» է կոչվում: Մի՞թե դա կազմակերպված գործողություն չէ եւ նպատակաուղղված չէ ընտրողների կամքի վրա ազդելուն»,- կարծում է փաստաբանը: Նա թվարկեց աշխատանքից ազատման դեպքերը, եւ՝ ոչ նույնիսկ դաշինքի ներկայացուցիչները, այլ պարզապես ներկայացուցիչների հետ հանդիպման համար: Ի դեպ, «ստուգման» համար հիմքեր անհրաժեշտ չեն, անհայտ ծագման «ազդանշանը» բավարար է: Նույն իրավիճակն է նաեւ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման հետ կապված, շեշտեց Արամ Վարդեւանյանը:

Քվեարկության օրը պարզ չէ, թե ոստիկանությունն ինչ էր անում, նշեց Վարդեւանյանը. «Ամբողջ քաղաքը «Հայաստան» դաշինքը վարկաբեկող թռուցիկների մեջ էր: Ոստիկանությունը կանխե՞ց: Ոստիկանությունը պատժե՞ց: Իսկ ի՞նչ, եթե հակառակը լիներ: Նույնը քարոզչական պաստառների դեպքում էր: Ցանկացած դասավորվածության դեպքում փչացնում էին «Հայաստան» դաշինքի պաստառները: Ընտրության օրը ՝ ամենակարեւոր օրը, որոշվեց խուզարկություններ անցկացնել դաշինքի գրասենյակներում, հիշեցրեց Վարդեւանյանը՝ «տպիչ սարքեր» որոնելու համար: