Ամերիկյան քաղաքը կոչ է արել բնակիչներին ընտանի ձկներին բաց չթողնել վայրի ջրամբարներում, երբ լճում հայտնաբերվել է հսկայական ոսկե ձկնիկ, հաղորդում է BBC-ը:
Սովորական ընտանի կենդանիները կարող են մեծ չափերի հասնել վայրի բնության մեջ եւ լուրջ վնաս հասցնել էկոհամակարգերին:
Բերնսվիլ քաղաքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում է մի քանի «ոսկե ձկնիկ-մոնստր», որոնց բռնել են Քելեր լիճը հետազոտելու ժամանակ:
Նշվում է, որ ոսկե ձկնիկը կարող է նպաստել ջրի որակի վատթարացմանը՝ խախտելով նստվածքը եւ արմատախիլ անելով բույսերը: «Խնդրում ենք, բաց մի թողեք ոսկե ձկնիկներին լճերում եւ ջրամբարներում»,-գրել են իշխանությունները թվիթերյան էջում:
Մինեսոտայում ոսկե ձկնիկը կարգավորվող ինվազիվ տեսակ է, իսկ դա նշանակում է, որ անօրինական է դրան բաց թողնել հանրային ջրերում:
Ոսկե ձկնիկը, որը պահվում է տնային ակվարիումում, սովորաբար հասնում է 5,1 սմ երկարության: Սակայն լճում կամ ջրամբարում այն կարող է մեծ չափերի հասնել:





























