Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 200 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ում Սմիթսոնյան ինստիտուտի կարիքների համար։ Այս մասին ասվում է չորեքշաբթի այդ թանգարանային եւ գիտահետազոտական համալիրի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթում նշվում է, որ սա ինստիտուտի կարիքների համար «ամենախոշոր նվիրատվությունն է» նրա հիմնադրման պահից՝ 1846 թվականից։ Նշված գումարից 70 մլն դոլար կուղղվի Ավիացիայի եւ տիեզերագնացության ազգային թանգարանի նորոգմանը։ Այն Սմիթսոնյան ինստիտուտի համալիրի մեջ մտնող թանգարաններից ամենամեծն է։ 130 մլն Բեզոսը կտրամադրի թանգարանին կից նոր կրթական կենտրոն ստեղծելու համար։
Նշված կենտրոնը կկառուցվի Վաշինգտոնում։ Այն կանվանակոչվի ի պատիվ Բեզոսի։ Ենթադրվում է, որ այդ հաստատության հիմքի վրա կիրականացվեն ուսումնական ծրագրեր, որոնք երիտասարդներին կգրավեն գիտատեխնիկական ոլորտում աշխատելու համար։
Հայտարարությունում նշվում է, որ Amazon-ի հիմնադիրը նախկինում էլ նվիրատվություններ է արել Սմիթսոնյան ինստիտուտին։
Բեզոսն այժմ առաջին տեղն է զբաղեցնում Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Նրա կարողությունը գնահատվում է 211 մլրդ դոլար։ Գործարարը Blue Origin աերոտեզերական ընկերության հիմնադիրն է։





























