Հարավաֆրիկյան Հանրապետության բանակը սկսել է 25.000 զինծառայողների տեղակայումը՝ օգնելու ոստիկանությանը ճնշել նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի ձերբակալությունից հետո սկսված եւ մեկ շաբաթ տեւած անկարգություններն ու բռնությունները, հայտնել է AP-ն:
ՀԱՀ ազգային պաշտպանության ուժերը նաեւ ներգրավել են իրենց 12.000 հոգանոց ռեզերվային ուժերին: Բեռնատարները, զրահափոխադրիչները եւ ուղղաթիռները օգտագործվում են Գաուտենգի եւ Քվազուլու Նաթալի նահանգների թեժ կետեր զինվորներ տեղափոխելու համար:
Բռնությոան ալիքը բռնկվել է անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Զուման սկսել է 15-ամսյա պատիժ կրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար` 2009-2018 թվականներին իր նախագահության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքների հետաքննության ընթացքում ցուցմունք տալու դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելու համար:
Ըստ ամենայնի, զինված պարեկներին հաջողվել է կայունություն ապահովել Գաուտենգում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ամենախիտ բնակեցված նահանգում, որտեղ գտնվում է երկրի ամենամեծ քաղաք Յոհանեսբուրգը:





























