Տղամարդը, որը մի քանի տարի շարունակ գործազուրկ էր, դժգոհել է ծնողներից այն պատճառով, որ նրանք իրեն նվիրել են տասնյակ հազարավոր դոլարներ, վճարել նրա ուսման վարձը քոլեջում  եւ այդ կերպ երես են տվել նրան, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Metro պարբերականին։

«Եկեք սկսենք ահա թե ինչից. անցած օգոստոսին մայրս ինձ ծննդյանս օրը նվիրեց 100 հազար դոլար։ Ես հայտնեցի տարակուսանքս»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ցյաոչու Յուանը։

Երիտասարդն իր խնդրին 35 թվիթ է նվիրել, որոնցում պատմել է, որ մի քանի օր դրանից առաջ գտնվել է հոգեմետ նյութերի ազդեցության տակ եւ այդ ժամանակ էլ որոշել է կիսվել իր կենսական վիճակի մասին։

«Պատճառը, որ մինչեւ հիմա ողջ եմ ու չեմ մահանում սովից փողոցում, չնայած այն բանին, որ վերջին երեք տարում աշխատանք չունեմ, այն է, որ ծնողներս ինձ փող են ուղարկում, որովհետեւ նրանք ինձ սիրում են»,- ավելացրել է Յուանը։

Երիտասարդի ծնողները լրիվ վճարել են նրա ուսման վարձը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Երիտասարդը խոստովանել է, որ իր թվիթները գրել է արտոնյալ մարդու դիրքերից եւ մեղադրել է ծնողներին այն բանում, որ նրանք միշտ հոգ են տարել իր մասին «միայն նյութապես, բայց ոչ էմոցիոնալ առումով»։

Յուանն ավելացրել է, որ հասկանում է, թե ինչու են ծնողներն այդպես վարվում, բայց դժգոհել է նրանց «չափից ավելի հոգատարությունից, որը դրսեւորվում է «տարբեր ձեւերով»։

«Նրանք անգամ երբեւէ չեն ստիպել ինձ տանը գործ անել։ Ես շատ երեսառած եմ եղել եւ, հետ նայելով, հասկանում եմ, որ դա վատ է ազդել ինձ վրա»,- գրել է նա։