Չիլիի խորհրդարանի Վերին պալատը չորեքշաբթի հավանություն է տվել մի օրինագծի, որը թույլ է տալիս միասեռական զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սենատը 28 ձայնով հավանություն է տվել այն նորմերին, որոնք կարգավորում են իրավահավասար ամուսնությունները։ Դեմ քվեարկել է 14 սենատոր»,- ասվում է Վերին պալատի Թվիթերում։

Այժմ օրինագիծը պետք է քննարկի Պատգամավորների պալատը։

2015 թվականից Չիլիում արդեն գործում է օրենք, որը թույլ է տալիս միասեռական զույգերին քաղաքացիական միություն կազմել։ Նոր նորմը լիովին հավասարեցնում է նրանց եւ հետերոսեքսուալ զույգերի իրավունքները, այդ թվում այն հարցերում, որոնք վերաբերում են ծնողական իրավունքներին եւ որդեգրմանը։ Ներկայում Չիլիում միասեռական զույգերը չեն կարող միասին երեխաներ որդեգրել, պաշտոնապես ծնող կարող է դառնալ զույգի անդամներից մեկը։

Միասեռական ամուսնությունների մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2017թ. նախկին նախագահ Միշել Բաչելեթի ձախ կառավարության կողմից։ Այդ ամբողջ ընթացքում նախաձեռնությունը գտնվել է Ազգային կոնգրեսում՝ գրեթե անշարժ, սակայն այս տարվա հունիսին գործող նախագահ, աջ կենտրոնամետ Սեբաստիան Պինյերան անսպասելի հատարարեց, որ անհրաժեշտ է շտապ հավանություն տալ օրինագծին։

Ներկայում միասեռական ամուսնությունները Լատինական Ամերիկայում թույլատրված են Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Ուրուգվայում, Էկվադորում եւ Մեքսիկայի որոշ նահանգներում։