Ամուսիններն անգլիական Գրիմսբի  քաղաքից (Լինքոլնշիր կոմսություն) ամենաերիտասարդ զույգն են Մեծ Բրիտանիայում, որոնք նշել են իրենց ադամանդե հարսանիքը։ Ի պատիվ այդ իրադարձության նրանք Metro թերթին բացել են իրենց երկարատեւ եւ երջանիկ ամուսնության գաղտնիքը, տեղեկացնում է Lenta-ն։

Հուլիսի 18-ին 77-ամյա Բերթը եւ 76-ամյա Լին Վուլիսը նշեցին հարսանիքի 60-ամյա հոբելյանը երեխաների, թոռների եւ ծոռների շրջապատում։ Զույգը շնորհավորական հեռագիր ստացավ նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհուց։

Ապագա ամուսինն ու կինը ծանոթացել են դեռեւս դպրոցում, երբ Լինն ընդամենը 15 տարեկան էր։ Հենց որ լրացավ աղջկա 16 տարին, զույգը հարսանիք արեց։ Տոնակատարությունը համեստ էր, ամուսնության գրանցումից անմիջապես հետո նորապսակները գնացին ճաշակելու էժան ավանդական բրիտանական կերակուր՝ ֆիշ էնդ չիփս։

Տոնակատարության պահին բրիտանուհին հղի էր արդեն յոթ ամիս։ Հարսնացուի ծնողները չեն մասնակցել հարսանիքին, քանի որ դեմ էին իրենց աղջկա միությանը Բերթի հետ։

Լինի կարծիքով՝ իրենց երկարատեւ ու երջանիկ ամուսնության գաղտնիքն այն է, որ իրենք զրուցում են, որպեսզի պարզեն միմյանց ցանկություններն ու պահանջները։ Իսկ եթե երկխոսություն չէր լինում, բրիտանուհին ամուսնուն տնից դուրս էր անում։ Բերթն ավելացրել է, որ ուրախ ընտանեկան կյանքի համար կարեւոր է, որպեսզի բոլորը կիսվեն միմյանց հետ, բայց եւ կարողանան ժամանակին լռել։ «Քանի դեռ շատ եք ծիծաղում, ուրեմն ամեն բան կարգին է»,- ամփոփել է Լինը։