ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի գործողությունները պատմության մեջ կմնան որպես Միացյալ Նահանգների ամենամեծ պարտություններից մեկը: Հաղորդում է USA Today-ը:

«Այն, ինչ Ջո Բայդենն արեց Աֆղանստանի հետ, լեգենդար է: Դա կլինի պատմության ամենամեծ պարտություններից մեկը: Ժամանակն է, որպեսզի Ջո Բայդենը խայտառակ կերպով հրաժարական տա Աֆղանստանում կատարվածը թույլ տալու համար, ինչպես նաեւ` COVID- ի հսկայական ալիքը, սահմանային աղետը, էներգետիկ անկախության փլուզումը եւ մեր խեղված տնտեսությունը: Դա մեծ գործ չի լինի, քանի որ նա օրինական կերպով չի ընտրվել»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իրավիճակն Աֆղանստանում այսպես է զարգացել Սպիտակ տան «ոչ կոմպետենտության» պատճառով:

«Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի առանց կռվի մտան Քաբուլ եւ սկսեցին գրավել կառավարական ուժերի կողմից լքված կառավարական հաստատությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարեցին Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում վերահսկողություն սահմանելու մասին: