Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն հայտարարել է, թե «Մենք կարող ենք աջակցել` հայաստանյան տնտեսությունն ավելի մրցակցային, ավելի ազատ դարձնելու առումով»:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բյոնկեն ասել է, թե «այն տնտեսությունը, որն ունի մրցակցային համակարգ, զարգանում է ավելի արագ ու լավ, քան այն, որը կենտրոնացած է մի քանիսի ձեռքերում»:
Անդրադառնալով անցած տարվա հոկտեմբերին Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի հայտարարությանը, թե հայաստանյան տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք, նա նշել է, «Մենք աջակցում ենք` ուժեղացնելու ոչ միայն մրցակցային տարրը, այլեւ նպաստում ենք առեւտրի զարգացմանը, որը միջոցներից մեկն է եւ որը տնտեսությունը դարձնում է ավելի առողջ: Բայց մյուս կողմից` սա բավականին բարդ հարց է: Իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը գտնվել է տրանսֆորմացիայի մեջ, եւ այժմ վերակառուցման փուլն է»:
Հայաստանի համախառն ներքին արդյունքի եւ արտաքին պարտքի հարաբերակցության վերաբերյալ հարցին` արդյոք արտաքին պարտքի ծավալների աճը չի՞ մոտեցել վտանգավոր սահմանագծին, Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավարը արձագանքել է. «Իհարկե, սահմանագիծ գոյություն ունի, որից հետո արտաքին փոխառությունը դառնում է բեռ տվյալ կառավարության համար եւ սկսում է շատ միջոցներ կլանել բյուջեից:
Բայց Հայաստանը չի հասել այդ փուլին, եւ ձեր ֆինանսների նախարարությունն էլ շատ ուշադիր հետեւում է գործընթացին: Եվրամիության խորհրդատվական խումբն էլ, իր հերթին, աջակցություն է ցուցաբերում` ձեռնարկելու այն միջոցները, որոնք կիրառվում են Եվրոպական միությունում»:
Նշենք, որ Եվրամիության խորհրդատվական խումբը Հայաստանում գործում է արդեն շուրջ մեկ տարի: Այն Հայաստանի կառավարությանը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում լավ կառավարման եւ կայուն տնտեսական զարգացման ոլորտներում` կոռուպցիայի դեմ պայքար, մաքսային քաղաքականության բարելավում եւ այլն:



























