Թեեւ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ 2008 թվականի նոյեմբերին ստորագրված «Բաց երկինք» համաձայնագիրը ուժի մեջ է մտել անցած տարվա հունիսին, սակայն մինչ օրս ուղիղ չվերթներ չեն իրականացվում։ Դեռ նախորդ տարի Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարել էր, թե առաջին ուղիղ չվերթը հնարավոր կլինի իրականացնել մինչեւ 2009 թվականի ավարտը։ Իսկ մինչեւ ուղիղ չվերթի իրականացումը ԱՄՆ-ի համապատասխան կառույցները պետք է այցելեն Հայաստան՝ ստուգելու թռիչքային եւ անվտանգության կանոնների համապատասխանությունը միջազգային եւ եվրոպական չափանիշներին։ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղավիացիայի մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը թռիչքների ուշացմումը բացատրեց հետեւյալ կերպ. «Պետական գործառույթը այդ հարցում ավարտված է։ Իսկ մնացած խնդիրները պետք է լուծի „Արմավիա“ ավիաընկերությունը. պետք է հայտ ներկայացնի ամերիկյան կառավարությանը եւ ըստ այդմ կազմակերպի թռիչքները։

Սակայն որքան մենք տեղյակ ենք, նման հայտ դեռեւս ներկայացված չէ եւ խնդիրը հենց „Արմավիայի“ մեջ է, եւ ոչ թե քաղավիացիայի»։ NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ «Արմավիա»-ից։ ""Արմավիան", ըստ էության, պատրաստ է չվերթներ իրականացնել դեպի Լոս Անջելես եւ Նյու-Յորք, որոնք ծրագրված էին իրականացնել այս տարվա գարնանը։ Մեր կողմից ամեն բան արված է, մենք պատրաստ ենք ցանկացած պահի իրականացնել չվերթներ",-ասաց ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան՝ վստահեցնելով, որ արդեն իսկ դիմել են ամերիկայն ավիակազմակերպությանը՝ թռիչքներ իրականացնելու համար եւ սպասում են համապատասխան թույլտվության։ Իսկ թե ո՞րն է ամերիկյան կողմի ստուգումների ուշացման պատճառը՝ Ն. Ավետիսովան դժվարացավ ասել՝ նշելով, թե գուցե խնդիրը օդանավակայանի հետ է կապված։ «Եթե քաղավիացիան պատրաստ է թռիչքների, ուրեմն օդանավակայանը պատրաստ չէ, քանի որ այդտեղ ընթանում են երկրորդ տերմինալի շինարարական աշխատանքները»,-ասաց Ավետիսովան՝ կրկին անգամ շեշտելով, որ «Արմավիան» պատրաստ է ցանկացած պահի իրականացնել ուղիղ չվերթներ։