Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրավիրել է Ուկրաինային մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Ինչպես գրում է «Երեկոյան Խարկովը», այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է այսօր՝ մայիսի 18-ին Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Մեդվեդեւի, նման որոշում Ուկրաինան պետք է կայացնի ինքնուրույն:
«Եթե հետաքրքրված եք, welcome: Եթե որոշ կասկածներ ունեք, մենք հարգանքով կվերաբերվենք … Եթե ապագայում դուք ճիշտ համարեք միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, մենք ուրախ կլինենք», — ասել է Մեդվեդեւը։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի՝ որպես չեզոք երկրի, կարգավիճակից, եւ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը չի ստեղծվել որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: «Մեզ առճակատում պետք չէ ոչ ՆԱՏՕ-ի, ոչ այլ դաշինքի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կիեւ է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:




























