ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համաձայնվել է նախապես այլ երկրներին տեղեկացնել իր բալիստիկ հրթիռների եւ տիեզերական արբանյակների մեկնարկների մասին: Ինչպես հաղորդում է Pravda.ru-ն, այդ մասին ասված է Ավստրիայի ԱԳՆ-ին հղված դիվանագիտական նոտայում՝ բալիստիկ հրթիռների տարածումը կանխարգելող Հաագայի վարքականոնի համաձայն:

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը ժամանակին տեղեկացնելու է ինչպես կոմերցիոն, այնպես էլ NASA-ի արբանյակների, նաեւ միջմայրցամաքային եւ սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռների մեկնարկի մասին:

Տեքստից պարզվում է, որ խոսքը անխտիր բոլոր հրթիռներին չի վերաբերում, ինչպես նաեւ ներկայացվում է, թե ինչ դեպքերում են լինելու բացառությունները:

Անելով նման քայլ՝ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ռուսաստանը եւս կվերսկսի իր տեղեկացումների պրակտիկան: Ավելի վաղ, վարքականոնի ընդունումից հետո 2002թ-ից Մոսկվան ինքնակամ տեղեկություններ էր տալիս, բայց երկու տարի առաջ դադարեցրել էր անել դա՝ պատճառաբանելով, որ շատ երկրներ չեն կատարում իրենց պարտավորությունները: Ներկայումս վարքականոնը ստորագրել են 129 երկրներ, սակայն Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան չեն միացել պայմանագրին: