Եվրախորհրդարանի թիվ 2216 հակահայկական բանաձեւը հայ-թուրքական չարաբաստիկ գործընթացի արդյունքն է: Այդ մասին մայիսի 21-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը:
Ըստ Մինասյանի՝ ակնհայտ է, որ հայկական դիվանագիտությունը լուրջ անելիք ունի եվրոպական կառույցների հետ աշխատանքի հարցում: Իսկ որպես բանաձեւի հետեւանքները մեղմացնելու միջոց Արծվիկ Մինասյանը երեք ուղի է մատնանշում.
-Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին,
-չպետք է թույլ տա, որ ղարաբաղյան կարգավորումը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից,
-պետք է վերաբնակեցնի ԼՂՀ հարակից շրջանները:
«Ցավոք Հայաստանը հստակ պատասխան չի տվել բանաձեւին»,- նշել է պատգամավորը եւ հավելել, որ Եվրոպայի Հայ Դատի կառույցները լուրջ աշխատանք են տարել բանաձեւի նախնական տարբերակից առավել հակահայ դրույթները հանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բուլղար պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած բանաձեւը՝ պահանջելով հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից»` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր «օկուպացված ադրբեջանական տարածքները»:




























