Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարի հրաժարականից հետո տեղի ունեցած կուսակցության համագումարում նոր նախագահ է ընտրվել Քեմալ Քըլըչդարօղլուն:
Մայիսի 22-23-ը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության 33-րդ համագումարի ընթացքում, որին մասնակցել են կուսակցության 1200 պատվիրակներ, նոր ղեկավար է ընտրվել կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ Քըլըչդարօղլուն կուսակցության գլխավոր խորհրդի կազմից հեռացրել է նախկին նախկին նախագահ Դենիզ Բայկալի հետ մոտ հարաբերություններ ունեցող անձանց, այդ թվում` հակահայկական խիստ դիրքորոշմամբ հայտնի Օնուր Օյմենին:
Նշենք, որ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստեղծած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայկալը ինտերնետում հայտնված եւ իրեն վերագրվող սեռական բնույթի տեսագրությունից հետո հրաժարական էր տվել` այդ ամենը անվանելով իշխանությունների կողմից իր դեմ կազմակերպված սադրանք:




























