Մայիսի 24-ին լեհական Սոպոտ քաղաքում կայացել է ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը նվիրված է եղել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում առ այսօր կատարված աշխատանքների ամփոփմանը, մասնակից երկրների ակնկալիքներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերի հստակեցմանը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը՝ ներկայացնելով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինպես նաեւ վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման կարեւորությունը մասնակից երկրների համար: ԱԳ փոխնախարարը ընդգծել է, որ շոշափելի արդյունքները դրական ազդեցություն կունենան հասարակության լայն շրջանում:

Հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարարը նաեւ հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ պետքարտուղար Հենրիկ Լիտվինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու՝ Հայաստան ծրագրված այցին, ինչպես նաեւ համաձայնություն է ձեռք բերվել արագացնել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարճատեւ աշխատանքային զրույց է տեղի ունեցել հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: