Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդն այսօր Քոչարյանն է, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր` մայիսի 26-ին Հայաստանում տիրող իրավիճակի մասին քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով. «Առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ կոնֆլիկտը իշխանության մեջ է եւ հայտնի չէ, ով դուրս կմնա խաղից եւ ով կհաղթի վերնախավի միջեւ գոյություն ունեցող հակասության մեջ»:

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությանը, նա կարծիք է հայտնել, որ դա պետք է լինի ներսից` Հայաստանում եւ հայերի համար:

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը 2008 թ. չկարողացավ հաջողության հասնել, վերլուծաբանը պատասխանել է. «Ընդդիմությունն այլընտրանքային անձանց էր առաջարկում, այլ ոչ թե համակարգ, իսկ ժողովուրդը պատրաստ չէր դրան»: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ Տեր-Պետրոսյանը հաջողության հասավ մի կարեւոր հարցում` նա դարձավ փոփոխությունների գործոն: «Մարտի 1-ից հետո Հայաստանը ուրիշ դարձավ եւ մարտի 1-ից առաջ Հայաստանում տիրող իրավիճակին հնարավորություն չկա վերադառնալ: Տեր-Պետրոսյանի շնորհիվ, ժողովուրդը այլեւս անտարբեր չէ քաղաքականությանը»,- ասել է նա: