Երեւանի պետական համալսարանից 2 դասախոս է մեկնելու Թուրքիա` հայերեն դասավանդելու Թուրքիայի Արճեշի համալսարանում: Այս մասին հայտարարել է Արճեշի համալսարանի ռեկտորի տեղակալ Մեթին Հուլագուն:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` արդեն 2010-2011 ուսումնական տարում Արճեշի համալսարանի բանասիրության ֆակուլտետի կազմում բացված հայերեն ու եբրայերեն բաժիններում կսովորեն 60 ուսանող: Արճեշի համալսարանի ռեկտորի տեղակալ Մեթին Հուլագուն հայտնել է, որ արդեն այդ լեզուների գծով մեկական դասախոս կա, սակայն իրենց անհրաժեշտ են եւս մի քանիսը: Հուլագուն նշել է, որ հայերենով դասավանդող դասախոս գտնելու հարցով դիմել էր Պոլսո Հայոց պատրիարքարան, սակայն մասնագետ չէր գտնվել, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի պետական համալսարանի հետ: Ըստ Հուլագուի` ԵՊՀ-ն համաձայնություն է տվել 2 մասնագետ ուղարկել Թուրքիա:



























