Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունած բանաձեւը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական կողմը պետք է ակտիվացնի իր դիվանագիտական եւ քարոզչական գործունեությունը միջազգային ասպարեզում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել են փոխարտգործնախարարներ Շավարշ Քոչարյանը եւ Կարինե Ղազինյանը։
Քոչարյանի խոսքով, Հայաստանն ի սկզբանե չպետք է թույլ տար պրոադրբեջանական եւ պրոթուրքական կողմնորոշում ունեցող բուլղարացի Կիրիլովին՝ հանդես գար իբրեւ Հարավային Կովկասի հարցերով զեկուցող։ Իսկ Կարինե Ղազինյանը հայտարարեց, որ նրա զեկույցը չէր կարող լինել օբյեկտիվ այն պատճառով, որ Կիրիլովը չի այցելել տարածաշրջան եւ չի խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների հետ։
«Այսուհետ մենք պետք է ավելի ուշադիր աշխատենք, որպեսզի թույլ չտանք նման թերացումներ»,-հայտարարեցին նրանք։ Ընդ որում, փոխարտգործնախարարները շտապեցին հայտնել, որ Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր բնույթ չի կրում եւ Հայաստանը պարտավոր չէր կատարել բանաձեւը։
Կարինե Ղազարյանը նշեց, որ բացի Հայաստանի շահերը ոտնահարող կետերից, փաստաթղթում կան բազմաթիվ դրական դրույթներ։
«Օրինակ, այնտեղ ասվում է, որ անթույլատրելի է հակամարտությունը լուծել ռազմական ուղիով։ Նաեւ նշվում է, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-նշեց փոխարտգործնախարարը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումները միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կօգնեն կենտրոնացնել ուշադրությունն այդ բանաձեւի վրա։
Շավարշ Քոչարյանը ասաց, որ Երեւանը չի կարող ազդել Եվրախորհրդարանի վրա, քանի որ այդ կառույցում հայկական պատվիրակություն չունի։ Սակայն նա նաեւ ավելացրեց, որ Ադրբեջանը եւս Եվրախորհրդարանում պատվիրակություն չունի, ինչը սակայն չխանգարեց Բաքվին հաջողությամբ առաջ քաշել իր գաղափարները։ Քոչարյանի եզրակացությամբ, Երեւանը պետք է ավելի ակտիվացնի իր գործունեությունը միջազգային կազմակերպությունների հետ։
Իր հերթին էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ ղեկավարած հանձնաժողովն ունի որոշ գաղափարներ՝ ուղղված այդ բանաձեւի չեզոքացմանը։ «Անհրաժեշտ է կազմավորել պատվիրակություն, որը հանդիպումներ կանցկացնի Եվրախորհրդարանի ղեկավարության հետ եւ կբացատրի, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենա բանաձեւը Հարավային Կովկասում հետագա զարգացումների վրա»,-նշեց Ռուստամյանը։




























